Ստորև ներկայացնում ենք «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կարծիքը 2020 թվականի մայիսի 28-ին ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայքնապետարանում առաջին հանրային լսմանը քննարկված «ԱԽԹԱԼԱՅԻ ԼՀԿ» ՓԲԸ «ՆԱՀԱՏԱԿ» պոչամբարի ռեկուլտիվացման ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏ-ի վերաբերյալ
Հայտի վերաբերյալ կարեւորագույն դիտարկումները
1. Պոչամբարի ռեկուլտիվացման ժամանակահատվածը բավականաչափ երկար է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բնականաբար մի քանի ամիս տևելու է ՇՄԱԳ գործընթացը, որից հետո նոր կսկսվի ռեկուլտիվացիան, և այդ դեպքում վերջնական ռեկուլտիվացումը կարող է ավարտվել մինչև երեք տարի ժամանակահատվածում, ինչը նշանակում է ազդակիր համայնքների բնակիչների ազդեցության կրումը առնվազն երեք տարի և դա անընդունելի է։ Անհրաժեշտ է քննարկել ավելի սեղմ ժամկետներում ռեկուլտիվացման հնարավորությունները։
2․ Հայտի քննարկման ընթացքում հայտ կազմող ընկերության ներկայացուցիչը նշում էր, որ ռեկուլտիվացիան հնարավոր է սկսել միայն այն ժամանակ, երբ պոչամբարում թափոնների կուտակումը դադարի։ Միաժամանակ ռեկուլտիվացիա իրականացնելը և թափոնների ինչ-որ հատվածում կուտակելը անարդյունավետ է ռեկուլտիվացման որակի ապահովման տեսանկյունից։
Սակայն ընկերության ներկայացուցիչը նշում է, որ իրենք պետք է դեռևս շարունակեն թափոնների որոշակի քանակների կուտակումը պոչամբարում անորոշ ժամանակով՝ բանավոր նշելով, որ դա կտեւի մոտ մեկ տարի։
Այս իրավիճակում անվստահություն է առաջանում թե՛ ռեկուլտիվացիայի գործընթացի իրականացման, և թե՛ սույն փաստաթղթում առաջ բերված միջոցառումների նկատմամբ։
Բանավոր խոսակցությունները, ենթադրությունները պետք է դառնան փաստաթղթի մաս, և նախագծում հստակ նշվեն դեպի պոչամբար արտանետումների դադարեցման և ռեկուլտիվացիայի մեկնարկի ժամկետները։
3․ Պոչամբարի տարածքում նախատեսվում է իրականացնել խոտաբույսերի և թփուտների տնկման աշխատանքներ։ Հայտ կազմող կազմակերպության մասնագետը, հաշվի առնելով ռեկուլտիվացիայի մեթոդաբանությունը, նշում է, որ այս տարածքում ծառերի տնկման անհրաժեշտություն չկա։ Առկա են մտահոգություններ, որ ծառերը կխարխլեն պոչամբարի հիմքերը։
Կարևոր ենք համարում տարածքի, վնասված էկոհամակարգի վերականգնումը, հողերի և օդի մաքրումը և գեղագիտական տեսքի վերականգնումը գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարի տեսանկյունից՝ հատկապես գյուղատնտեսության և գյուղական տուրիզմի զարգացման բնագավառներում։
Դրա համար անհրաժեշտ է կատարել ուսումնասիրություն, գտնել քիմիական աղտոտվածությունը մեղմացնող այնպիսի ծառատեսակներ, որոնք ունեն կյանքի որոշակի տևողություն, իրականացնում են սերնդափոխություն և շատ մեծ հասակի չեն ու այն մեծության չեն հասնում, որ խարխլեն պոչամբարի հիմքերը։
Այդ տարածքում անտառի առկայությունը կօժանդակի մաքուր օդի առկայությանը, աղտոտվածության մեղմացմանը և կգեղեցկացնի գյուղի տեսքը։
4․ Նախատեսվում է պոչամբարի ռեկուլտիվացիայի վերին շերտը ծածկել 20 սմ բերրի հողով՝ ։ Հաշվի առնելով թափոնադաշտի մեծությունը, տարիների ընթացքում 20 սմ բերրի հողը, տեղաշարժվելու է անձրևների և հնարավոր այլ գործոնների հետևանքով, որը կբերի սևահողի շերտի մերկացմանը պոչամբարի տարբեր հատվածներում։ Այդ պատճառով ցանկալի է սևահողի ավելի հաստ շերտի ստեղծումը՝ գոնե մինչև 30 սմ հաստությամբ։
5. Մշտադիտարկումների իրականացման ծրագրով պոչամբարի հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով 5 տարիների ընթացքում նախատեսված են բացառապես բնապահպանական տեսակի մշտադիտարկման միջոցառումներ, առողջապահական բաղադրիչը իսպառ բացակայում է։
Ուշադրություն դարձնենք, որ ծրագիրը անվանվում է «Համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիր» , սակայն այն իր մեջ ներառում է միայն մշտադիտարկման գործողություններ, և եթե հայտնաբերվի բնապահպանական և առողջապահական խնդիր, պարզ չէ՝ ով և ինչպես պետք է արձագանքի խնդիրներին՝ իր վրա վերցնելով առաջացած խնդիրների լուծման համար առաջացած ծախսերը։
Կարևոր է, որպեսզի ծրագիրը իր մեջ ներառի Մեծ Այրում և Ճոճկան համայքների բնակիչների առողջության մշտադիտարկման գործողություններ, ինչպես նաև իրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ։
6․ Եզրակացության մեջ գրված է․ «Բուսականության և կենդանական աշխարհի տեսակների սակավությունը բացատրվում է նրանով, որ «Նահատակ» պոչամբարը գտվում է անմիջապես Մեծ Այրում գյուղի տարածքում, որտեղ տարիներ շարունակ առկա է մարդածին գործոնը: Պոչամբարի հարևանությամբ անցնում է միջհամայնքային ճանապարհը, ոռոգման խողովակը, արածացնում են անասուններ, բնակիչները հավաքում են ուտելի բույսեր և այլն»։
Ստացվում է, որ կենդանական աշխարհի սակավության պատճառը հիմնականում Մեծ Այրում գյուղի առկայության մարդկային գործոնն է, իսկ տարածքում պոչամբարի առկայությունը որևե ազդեցություն չունի։ Ըստ եզրակացության, պոչամբարի շրջակայքում կենդանական աշխարհի բացակայությունը պայմանավորված է Մեծ Այրում գյուղի առկայությամբ, այլ ոչ թե հակառակը։ Վերջին տասնամյակներում ականատես ենք եղել՝ ինչպես են բազմաթիվ կենդանատեսակներ խեղդվում պոչամբարում։
Հարկ է նաև նշել, որ 2017 թվականի «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բաց հանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» փաստաթղթի մեջ գրված է, որ պոչամբարի շրջակայքում, մասնավորապես ստորին հատվածում, որտեղ նախատեսվում էր կառուցել այլ պոչամբար, առկա են Հայաստանի՝ 1, Անդրկովկասի` 2 և Կովկասի` 4 էնդեմիկ բզեզների տեսակներ: Այստեղ հայտնաբերված է ՀՀ Կարմիր գրքում, CITES-ի և Բեռնի Կոնվենցիայի 2-րդ Հավելվածում գրանցված թռչունների 2 տեսակ: Տարածքում հնարավոր է նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված միջերկրածովային կրիայի «Testudo graeca», անդրկովկասյան սաղնոձի «Zamenis hohenackeri», սպիտակակուրծք ոզնու (Erinaceus concolor transcaucasicus), Շելկովնիկովի կուտորայի (Neomys schelkovnikovi) առկայությունը:
Նշված տարածքը հանդիսանում է «Նահատակ» պոչամբարի շրջակայքի տարածք, քանզի շատ մոտ է այդ տարածքին, և ենթադրում ենք, որ այդ տարածքում առկա կենդանական աշխարհը տեղաշարժվում է նաև պոչամբարամերձ տարածքում, և հայտում անհրաժեշտ է նշել դրա մասին։
Ընդհանուր բնույթի դիտարկումներ ըստ հայտի բաժինների․
Համայնքի նկարագրություն բաժին, 3-րդ էջ․
Նշված է․ «Նահատակ պոչամբարը գտնվում է Այրում գյուղում», այն ինչ պոչամբարը գտնվում է ոչ թե Այրում գյուղում, այլ Մեծ Այրում գյուղին կից՝ Մեծ Այրում և Ճոճկան գյուղերին վարչականորեն պատկանող հողերի վրա։
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՖԻԶԻԿԱ-ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- 3-րդ էջում գրված է․ «Ձևավորվող ստորգետնյա ջրերի ռեժիմը ու ելքերը ուղղակիորեն կախված են մթնոլորտային տեղումների քանակից և տարեկան ցիկլից»,
Եթե այդ թվին պատկանում է նաև բնական աղբյուրը, ապա կարևոր է նշել, որ տարածքում առկա են աղբյուրներ, որոնք անկախ տարվա ցիկլից պահպանում են միջին քանակություն, օրինակ է «Մհերի աղբյուրը» ։
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, Էջ 23․
Մեծ Այրումի փոխարեն օգտագործվում է Այրում տարբերակը։
ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՌԿԱ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ․
էջ 26, նշված է․ « «Նահատակ» պոչամբարը գտնվում է Լոռու մարզում, Թումանյանի տարածաշրջանում, Ախթալա խոշորացված համայնքի վարչական տարածքում, Մեծ Այրում գյուղի տարածքում», առաջարկվում է ավելացնել, որ գտնվում է Մեծ Այրում գյուղին կից՝ Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի վարչական տարածքում։
Նույն էջում․
«Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղագործությամբ: Հատկապես վերջին տարիներին զարգացման նոր թափ է ստացել հացահատիկի մշակումը: Համեմատաբար զարգացած է խաղողի արտադրությունը:»
Գտնում ենք, որ այս տեղեկատվությունը բավականաչափ հնացած է։ Նախորդ տարիներին ավելի շատ են ցանել հացահատիկ, հիմա ավելի շատ մշակվում են հատապտուղներ, մրգատու նորատունկ այգիներ և բանջարեղեն։
Նախագծի համառոտ նկարագիրը
Էջ 29․ «Որպես դրենաժային շերտ կարելի է օգտագործել Շամլուղի բացահանքի լցակույտի դատարկ ապարները կամ նմանատիպ գրունտները»:
Այս առումով ունենք մտահոգություններ բաց հանքի դատարկ ապարների անվտանգության վերաբերյալ, անհրաժեշտ են գիտական հիմնավորումներ դրանց վնասակար ազդեցության բացակայության վերաբերյալ:
Էջ 32․ «Անվտանգությունից ելնելով ռեկուլտիվացված պոչամբարի տարածքը առաջարկվում է արտաքին եզրագծով ցանկապատել 2 մ բարձրությամբ և 2630 մ ընդհանուր երկարությամբ փշալարե ցանկապատով:»
Այստեղ անհրաժեշտ ենք գտնում հստակեցնել, թե կոնկրետ որ տարածքի ուղեծրով պետք է իրականացվի ցանկապատումը, քանզի ներկայիս մասնակի ցանկապատումը իրականացված է ճամփեզրի անվտանգության կոնստրուկցիաների վրա։
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Էջ 36, Նշված է, որ պոչամբարի մակերեսի հարթեցման ժամանակ փոշու արտանետումներ են լինելու և վնասակարությունը հաշվարկված է սովորական գրունտային փոշու սկզբունքով, սակայն գտնում ենք, որ պոչամբարի հարթեցման աշխատանքների ժամանակ կարող են առաջանալ փոշու արտանետումներ թափոնների արտանետումներից ՝ իրենց մեջ պարունակելով ծանր մետաղներ։ Կամ էլ, միգուցե, դա չլինելու համար օգտագործվելու են հատուկ մեթոդներ։ Այդ դեպքում պետք է նկարագրել այդ մեթոդաբանությունը։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նահագահ՝
Օլեգ Դուլգարյան

