arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

╳

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

Մենք շարունակելու ենք Ախթալա համայնքը և այլ համայնքները թափոնակույտերից մաքրելու խնդիրների բարձրաձայնումը

01/հուլիս/2020 Մենք շարունակելու ենք Ախթալա համայնքը և այլ համայնքները թափոնակույտերից մաքրելու խնդիրների բարձրաձայնումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հունիսի 29-ին, թիվ ԼՇ/26.2/ 7473-2020 հավելյալ գրությամբ պատասխանել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի` Ախթալա համայնքում առկա թափոնակույտերի խնդրի ուսումնասիրման համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին: Մի քանի նախարարությունների հետ քննարկումներից հետո, ըստ նամակի բովանդակության, նախարարությունը այս պահին աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում, և հղում են կատարում 2018-2019թթ.-ին շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությանը, որը կատարվել է նաև Ախթալայում , ինչպես նաև նշում են, որ պատրաստակամ են կազմակերպության կողմից թափոնակույտերի հստակ ծրագրեր ներկայացնելու դեպքում քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները ինչի համար շնորհակալ ենք, սակայն ներկայացնեմ մի քանի նկատառումներ,
1. Ախթալայում իրականացված ուսումնասիրությունները մենք համարում ենք մասնակի, քանզի ուսումնասիրվել են հիմնականում արդեն իսկ նախկինում ֆիքսված թափոնակույտերը, որոնք առաջացել են օրինական շահագործման արդյունքում, սակայն Ախթալայում առկա են տարբեր ժամանակներում առանց թույլտվությունների ոչ նախատեսված տարածքներում առաջացած թափոնակույտեր ու դրանց թիվը բավականաչափ շատ է , ուստի առկա է հավելյալ ուսումնասիրությունների կարիք,
2. Մենք դիմել ենք որպես շահագրգիռ կազմակերպություն, որպեսզի համախմբենք բոլոր շահագրգիռ կողմերին այդ խնդիրների լուծման շուրջ , որպեսզի համատեղ ուժերով փորձենք գտնել այդ խնդիրների լուծման ուղիները և ակնկալում ենք ֆինանսական աջակցություն այս հարցում առաջին հերթին պետությունից,
3. Աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտությունը կայանում է հենց նրանում, որպեսզի մշակվեն հստակ քայլեր, հաշվարկվեն ծախսերը և ՏԻՄ-Կառավարություն-Հասարակություն համատեղ ուժերով փորձենք գտնել համապատասխան միջոցները։ Առանց խորքային մասնագիտական ուսումնասիրությունների , մասնագետների կողմից մշակված միջոցառումների և դրանց հստակ ծախսերի հաշվարկի, առանց խնդրի լիարժեք բարձրաձայնման այդ խնդիրների լուծման համար ֆինանսներ գտնելը թե՛ ՏԻՄ-ի, թե՛ Կառավարության, և թե՛ ցանկացած հասարակական կազմակերպության համար գրեթե անհնար է,
4. Ամեն դեպքում, մենք արդեն իսկ դիմել ենք մեր միջազգային գործընկերներին՝ մեկ չուսումնասիրված թափոնակույտի պիլոտային մաքրման համար հնարավոր ֆինանսական աղբյուրներ գտնելուն աջակցելու նպատակով, որը կարող է իրականացվել կառավարության և ՏԻՄ-ի հետ համատեղ, և կարող է հանդիսանալ թափոնակույտերի մաքրման գործընթացի սկիզբը և տեխնիկական օրինակը։ Հուսանք՝ կստացվի։
5. Ուրախացնող փաստը այն է, որ պատասխան նամակում ճանաչում են, որ «Նազիկ» պոչամբարը ունի ռեկուլտիվացման կարիք, ինչը վերջ կդնի այն անհիմն պնդումներին, որ «Նազիկը» այլևս ռեկուլտիվացված է և շրջակա միջավայրին վնաս չի պատճառում,
6. Մենք շարունակելու ենք Ախթալա համայնքը և այլ համայնքները թափոնակույտերից մաքրելու խնդիրների բարձրաձայնումը , այդ թվում առաջիկայում կրկին հանդես կգանք աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով, դրա անհրաժեշտության հավելյալ հիմնավորումներով,


Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հունիսի 29-ին, թիվ ԼՇ/26.2/ 7473-2020 հավելյալ գրությամբ պատասխանը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին.

Հայտնում ենք, որ Ախթալայի համայնքում  առկա թափոնակույտերի հետ կապված խնդիրների և համայնքը թափոնակույտերից մաքրելու ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ձեր առաջարկությունը բազմակողմանիորեն քննարկվել է ՀՀ ֆինանսների, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ.

   2018-2019թթ.-ին շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ՀՀ տարածքի ընդերքօգտագործման թափոնների լքված տեղամասերի, փակված պոչամբարների ուսումնասիրություն, թափոնների և հողային զանգվածի նմուշառում: Աշխատանքները ներառել են նաև Նազիկ փակված պոչամբարը, պոչամբարին կից տարածքներում կուտակված թափոնները: Նազիկ պոչամբարի տարածքի հողային ծածկույթից վերցված նմուշներում արձանագրվել են վանադիումի, քրոմի, նիկելի, պղնձի, մկնդեղի և կապարի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ (համադրումը կատարվել է ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի  25-ի «Հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.003-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 01 հրամանով սահմանված ցուցանիշների հետ): Աշխատանքների արդյունքները ներկայացվել են: Դաշտային ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է Ախթալա գետին հարակից հատվածում՝ փակված պոչամբարում, կուտակված թափոնները վրածածկող և թափոնների տարածումը կանխող հողային շերտի բացակայությունը: 2020 թվականին Նազիկ պոչամբարի տարածքում վերականգնողական, պոչամբարում կուտակված թափոնների շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված աշխատանքների ֆինանսավորման հարցը ներկայացվել է 2021-2023 ՄԺԾԾ հայտի շրջանակներում:
  Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի 7-րդ համալրման երկրներին տրամադրվող աջակցության շրջանակներում դրամաշնորհային օժանդակություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է «Տարախոտային անտառների էկոհամակարգի վերականգնում Դեբեդ գետի վերին հոսանքի ավազանի ընդերքօգտագործման արդյունքում խախտված լանդշաֆտներում» ծրագրային գաղափարի առաջարկը, որը տարածվում է նաև Նազիկ պոչամբարի տարածքի վրա։
Հաշվի առնելով վերոգրյալը և գերատեսչություններից ստացված կարծիքները՝ հայտնում ենք, որ ներկայումս տարվում են աշխատանքներ Ախթալա համայնքում առկա ընդերքօգտագործման թափոնների տարածքների վերականգնման նպատակով մշակված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման ուղղությամբ, ուստի այս փուլում աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն չկա։

Ձեր կողմից ֆինանսավորմամբ հստակ ծրագրեր ներկայացնելու դեպքում պատրաստակամ ենք քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները»:

×

Հարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։

ընտրված չէ