«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն 2020 թվականի հունվարի
23-24-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում իրականացրեց «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման» ֆորում խորագրով համաժողովը։
Ֆորումի նպատակն էր վերհանել մինչև այս պահը կազմակերպությունների, անհատների և երիտասարդների կողմից Ալավերդու տարածաշրջանի զարգացմանը , այլընտրանքային աշխատատեղերի և զբաղվածության խթանման նպատակով մշակված գաղափարները, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության լավագույն փորձագետների մասնակցությամբ գեներացնել նոր գաղափարներ ։
Համաժողովին մասնակցում էին տեղական և միջազգային մի շարք դոնոր կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ , համայնքի բնակիչներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, սոցիալական ձեռնարկատիրության և բիզնեսի ոլորտի փորձագետներ, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության խորհրդական Աննա Մելիքսեթյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի զբոսաշրջության զարգացման փորձագետ Արամ Հարությունյանը, ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Յան Պլեշինգերը և այլոք ։
Համաժողովը բացեց « Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, ով իր խոսքում նշեց, որ նման ֆորմատի և բովանդակությամբ համաժողովը առաջին անգամ է անցկացվում տարածաշրջանում, և ժողովի նպատակը բացի այլընտրանքային զբաղվածության խթանումը նաև այլընտրանքային մտածողության ձևավորումն է , որը պակասում է տարածաշրջանում։
Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Յան Պլեշինգերը նշեց, որ Չեխիան, որպես Հայաստանի գործընկեր երկիր, խրախուսում է Ալավերդու տարածաշրջանում այլընտրանքային զարգացման մոդելների ներդրմանը, քանի որ ինքը ևս անցել է նույն ճանապարհը ։
ՀՀ Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը փոխանցեց համաժողովի մասնակիցներին ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ողջույնները և նշեց, որ Լոռու մարզպետարանը խրախուսում է նման ձևաչափի համաժողովների և քննարկումների անցկացմանը, որոնք միտված են մարզի զարգացման գործընթացներին ։
Համայնքային զարգացման փորձագետ Արթուր Վարդազարյանը ներկայացրեց մասնակցային ձևաչափով մշակված Ախթալա, Շնող, Ալավերդի համայնքների համար այլընտրանքային զարգացման ծրագրերը, որոնք ուղղված են տարածաշրջանում սոցիալական և անհատական ձեռնարկատիրությունների հիմնմանը և զարգացմանը տարբեր ոլորտներում․ առանցքային ոլորտներ են դիտարկվում էկո-ագրո-գաստրո-գյուղական տուրիզմը, նորարար գյուղատնտեսությունը և թեթև արդյունաբերությունը ։
Այլընտրանքային զարգացման ծրագրերի վերջնական տարբերակները կներկայացվեն Ախթալա, Շնող և Ալավերդի համայնքների ավագանուն հաստատելու առաջարկությամբ, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ որպես համայնքի այլընտրանքային զարգացման առաջնահերթությունների, սոցիալական և անհատական ձեռնարկատիրությունների հիմնման պիլոտային փաստաթուղթ, որը միտված է խթանել համայնքների ներդրումային միջավայրը և հստակեցնել ներդրումների ուղղությունները ։
Ֆորումի երկրորդ օրը սոցիալական ձեռնարկատիրությունների և բիզնես ոլորտի փորձագետները օգնեցին Ախթալա, Ճոճկան, Թեղուտ, Ալավերդի բնակավայրերի բնակիչներին գեներացնել և զարգացնել վեց բիզնես-գաղափարների նախագծեր, որոնք վերաբերում են ագրո-էկո-գաստրո տուրիզմի ոլորտներին, հատապտուղների և անտառային խոտաբույսերի վերամշակմանը, ինչպես նաև համայնքային նորարար թեթև արդյունաբերությանը ։
Ծրագրերի վերջնական մշակումից հետո այդ բիզնես գաղափարները քաղաքացիների կողմից կներկայացվեն դոնորական կազմակերպություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին ։
Համաժողովի ավարտին համայնքի բնակիչների և փորձագետների կողմից ստեղծվեց այլընտրանքային զարգացման աշխատանքային խումբը, որը շարունակական աշխատանքներ կտանի ուղված տարածաշրջանում այլընտրանքային զարգացման գործընթացին ։
Հետաքրքրված ԶԼՄ-ները կարող են ծանոթանալ համաժողովի ուղիղ եթերի տեսանյութին « Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջի հետևյալ հղմամբ․
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանության օժանդակությամբ ։

