Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ն սույն թվականի հոկտեմբերի 27-29-ը կազմակերպել էր «Իրազեկում հանուն մաքուր շրջակա միջավայրի» հանրային իրազեկման մեդիա-արշավ ՀՀ Լոռու մարզից դեպի Արարատի և Սյունիքի մարզերի աղտոտված տարածքներ և պոչամբարներ։
Հոկտեմբերի 27-ին մի խումբ ակտիվիստներ, լրագրողներ և փորձագետներ այցելեցին ՀՀ Արարատի մարզում գտնվող ցիանային պոչամբարին հարող տարածք, հոկտեմբերի 28-ին դիտարկվեցին ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Գեղանուշի, Արծվանիկի պոչամբարները, իսկ հոկտեմբերի 29-ին քաղաք-ուրվական համարվող Դաստակերտ քաղաքը։ Մեդիա-արշավի ընթացքում դիտարկվեցին նաև Ողջի, Նորաշենիկ և Աչանակ գետերը։ Այցելությունների ընթացքում փորձագետներ Ինգա Զարաֆյանը, Նազելի Վարդանյանը և Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ներկայացրեցին վերոնշյալ պոչամբարների առաջացման, պարունակության, դրանց հետևանքով առաջացող վտանգների, շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցության ու գործունեության օրենսդրական բացերի մասին տեղեկատվություն։
Հանդիպումներ և քննարկումներ եղան նաև ազդակիր համայնքների բնակիչների հետ, ովքեր իրազեկվեցին հանքարդյունաբերության հետևանքով առաջացած` շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա աղտոտվածության ազդեցության հետևանքների մասին, նրանց ներկայացվեցին ՀՀ-ում հանքարդյունաբերության և այլ հարակից ոլորտների օրենսդրական բացերը։ Բնակիչները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, նշեցին իրենց բնակավայրի բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրները և հայտնեցին իրենց մտահոգությունը դրանց հետ կապված հետագա ռիսկերի վերաբերյալ։
Արշավը ղեկավարեց «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, փորձագիտական քննարկումները վարեցին Օլեգ Դուլգարյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, «Հայաստանի Անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը, ովքեր Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Արծվանիկ գյուղի տարածքում գտնվող «Արծվանիկի» պոչամբարից հանդես եկան նաև բացօթյա մամուլի ասուլիսով, որի ընթացքում փորձագիտական տարբեր ուսումնասիրությունների հիման վրա ստացված փաստերով ներկայացրեցին հանքարդյունաբերական տարածքներին և նրանց ազդակիր համայնքներին սպառնացող ռիսկերը և վտանգները, հանքարդյունաբերական գործունեության արդյունքում առաջացած աղտոտվածության՝ շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա ազդեցությունը։
Իրազեկման մեդիա-արշավը կազմակերպվել է «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ կողմից «Իրազեկում հանուն մաքուր շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակներում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

