arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

╳

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

Ահազանգ․ 30 տարվա սպասումով․ երիտասարդությունից մինչև կենսաթոշակային տարիք

26/օգոստոս/2021 Ահազանգ․ 30 տարվա սպասումով․ երիտասարդությունից մինչև կենսաթոշակային տարիք

Փախստական Ծովինար Ստեփանյանն ահազանգում է՝ 30 տարի է պետությունից բնակարանի է սպասում։

1989 թվականին Բաքվից բռնագաղթելով Հայաստան՝ բնակություն է հաստատել Ալավերդու «Դեբեդ» հյուրանոցում։ Այդ ժամանակ տիկին Ծովինարին ու այդտեղ բնակություն հաստատած մյուս փախստականներին ասացին, որ մի քանի ամսվա ընթացքում բնակարան կստանան։ Մի քանի ամիսը տևեց 10 տարի։ 10 տարի անց հյուրանոցը սեփականաշնորհվեց ու վաճառվեց։ Տիկին Ծովինարը մնաց դրսում։ Նրան դուրս հրավիրեցին հյուրանոցից՝ առանց բնակարանով ապահովելու։

Մի քանի տարի անց, 2004 թվականին, կառավարությունը «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովման առաջնահերթ ծրագրի մասին» N747-Ն որոշումը կայացրեց, ըստ որի բնակարանով ապահովման առաջնահերթություն ունեն 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած այն փախստականները, որոնք բնակվում են ժամանակավոր կացարաններում կամ բնակվում են իրենց հատկացված տնամերձ հողամասերում և այլ տարածքներում տեղադրված վագոն-տնակներում կամ բնակվում են տնամերձ հողամասերի վրա եղած կիսակառույց տներում, որոնց տեխնիկական պայմանները հնարավորություն են տալիս դրանց շինարարությունը հասցնել ավարտի:

Երիտասարդ տարիքում այստեղ տեղափոխված ու արդեն կենսաթոշակային տարիքի հասած կինը դեռ դեգերումների մեջ է։ Տասնյակ տարիներ ծանոթ բարեկամների տներում է ապաստան գտնում։ Այժմ էլ Օձունում է բնակվում, ծանոթի ամառանոցում, որտեղ կենցաղային տարրական պայմաններ չկան․ ջուր գազ։ Տիկին Ծովինարն ասում է, որ տեղեկություն ունի, որ բազմաթիվ նորակառույց բնակարաններ Վանաձորում ոչ հասցեական են տրամադրվել։

Բազմաթիվ սոցիալական, կենցաղային խնդիրներին գումարվում է նաև այն, որ տիկին Ծովինարը չի կարողանում նույնիսկ նպաստ ստանալ։ Դրա համար անհրաժեշտ է գոնե ժամանակավոր գրանցվել բնակության վայրում և դուրս գալ հիմնական գրանցման վայրից՝ հյուրանոցից։ Սակայն այդ դեպքում էլ վերջնականապես կկորցնի բնակարան ստանալու հնարավորությունը։ Թեպետ ասում է, որ այս 30 տարվա սպասումներից այնքան է հիասթափվել, որ կորցրել է բնակարան ունենալու հույսը։

Տիկին Ծովինարի նման բնակարանի սպասող էլի ընտանիքներ կան։ Նրանց հաշվառումը տարիներ առաջ կատարել է Ալավերդու քաղաքապետարանը և հանձնել Լոռու մարզպետարանին։ Բնակարանի սպասող փախստականները գրանցված են նաև սոցիալական ապահովության պետական ծառայության Ալավերդու գրասենյակում։ Սակայն ընտանիքների թվի մասին տվյալը գաղտնի է պահվում։ Թե՛ Ալավերդու քաղաքապետարանից ու թե՛ սոցիալական ծառայությունների տարածքային գրասենյակից մեզ ասացին, որ ցուցում ունեն տեղեկություն չտալ։

Ըստ մեր տեղեկությունների, Ալավերդու տարածաշրջանում 30 ընտանիք պետական աջակցության ծրագրով սպասում է բնակարան ստանալու իր հերթին։

Նյութի սկզբնաղբյուրը՝ «Քաղաքացու ձայնը / Citizen's voice» ֆեյսբուքյան մեդիա-հարթակ:

×

Հարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։

ընտրված չէ