arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

╳

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

Հետազոտական աշխատանքների նոր փուլ. հողի, փոշու փորձանմուշներ և տուժած բնակիչների կենսանմուշներ

26/հուլիս/2021 Հետազոտական աշխատանքների նոր փուլ. հողի, փոշու փորձանմուշներ և տուժած բնակիչների կենսանմուշներ

Չեխական «Առնիկա», հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունները շարունակում են հետազոտել Լոռու մարզի՝ քիմիական աղտոտվածության ենթարկված տարածքները, որոնց փորձագետները կվերցնեն հողի, փոշու փորձանմուշներ և տուժած բնակիչների կենսանմուշներ, ընդհանուր՝ ավելի քան 100 նմուշ: Դրանք կհետազոտվեն Չեխիայում հավատարմագրված լաբորատորիայում: Հետազոտական աշխատանքների նոր փուլը կմեկնարկի հուլիսի 28-ին՝ Ստեփանավան խոշորացված համայնքի Արմանիս բնակավայրում, որը գտնվում է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ազդեցության գոտում:

Նմուշառման գործընթացները կտևեն 2021 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 2-ը ՀՀ Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների համայքներում։

2021թ. հետազոտությունների դիտարկման շրջանակն ընդլայնվել է՝ ընդգրկելով Ալավերդի, Շնող, Աքորի, Ախթալա, Թեղուտ, Հաղպատ, Սանահին, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Արմանիս ու Մղարթ բնակավայրերը: Հետազոտությունները կնպաստեն վերհանել մարդու առողջությանը սպառնացող վտանգները, որոնց մարդիկ բախվում են շրջակա միջավայրի արդյունաբերական աղտոտվածության հետևանքով, գնահատել այդ ռիսկերը և պլանավորել մեխանիզմներ դրանց վերացման ուղղությամբ: Մարդիկ հնարավորություն կունենան ստանալու հստակ տվյալներ իրենց առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ:

Հետազոտությունները կմեկնարկեն Ստեփանավան խոշորացված համայնքի Արմանիս բնակավայրում, որը գտնվում է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ազդեցության գոտում: Բնակավայրում են նաև գտնվում հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ին պատկանող պոչամբարն ու լցակույտերը: Վտանգավոր թափոնները տարածվում են շրջակա միջավայրում, ներհոսում են Չքնաղ գետ և գետի ձորակ: Լցակույտերից և հանքավայրի տարածքից փոշին սփռվում է համայնքի, հողատարածքների ու արոտավայրերի վրա:

Արմանիսից հետո ուսումնասիրություններ կանցկացվեն «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հանքարդյունաբերական ձեռնարկությունների պոտենցիալ ազդեցության գոտում գտնվող տարածքներում:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց. ««Առնիկայի» կողմից 2020թ. իրականացված նախորդ հետազոտությունների հիման վրա մոտ 70 բնակիչ, որոնք բնակվում են աղտոտված տարածքներում, դիմել են դատարան իրենց առողջությանը հասցված վնասների փոխհատուցման պահանջով: Այս տարվա հետազոտությունները կլրացնեն ապացուցողական բազան, որպեսզի մարդիկ պահանջատեր դառնան և պաշտպանեն իրենց առողջության իրավունքները»:

Հետազոտություններն իրականացվում են հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում:

×

Հարգելի քաղաքացիներ, եթե տեղի է ունեցել իրավունքի խախտում կամ ականատես եք եղել օրենքի խախտման դեպքի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների, իրավապահ մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից կարող եք ահազանգել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ին սեղմելով «ԱՀԱԶԱՆԳ» կոճակը, ուղարկելով կարճ հաղորդագրություն։ Նկարագրեք դեպքը և թողեք ձեզ հետ կապ հաստատելու հեռախոսահամար։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմը կբարձրաձայնի դեպքի վերաբերյալ տարբեր հարթակներում և կհամախմբի շահագրգիռ կողմերին խնդրի լուծման շուրջ։

ընտրված չէ